Երեկ, օրվա երկրորդ կեսին, տարածվեց «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների մամուլի ծառայությունների համատեղ հաղորդագրությունը, համաձայն որի՝ հանդիպել են ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը և Հայ ազգային կոնգրեսից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջև համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերի միջև քառյակի անելիքների հետ կապված հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նման մի հանդիպում էլ տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ, որին մասնակցել էր նաև ոչիշխանական քառյակում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչո՞ւ այս անգամ բացակայում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Արդյո՞ք «Ժառանգությունը» չի տեսնում հետագա համագործակցության հեռանկար այդ ձևաչափի շրջանակում: Մեր հարցին ի պատասխան՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ինքը վերջին օրերին չի եղել կուսակցության գրասենյակում, հանդիպման մասին իմացել է ԶԼՄ-ներից և զբաղված է վերլուծական հոդվածների վրա աշխատելով: Նա խորհուրդ տվեց դիմել կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանին:
«Ես նոր եմ իմանում, որ նման հանդիպում է եղել, իմացել եմ մամուլից: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նա այս պահին «Միջազգային հայ իրավաբանների միության» հրավերով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նշվում է այդ կազմակերպության տարեդարձը: Հայաստան կվերադառնա առաջիկայում»,- մեր զրույցի ժամանակ նշեց Հովսեփ Խուրշուդյանը:
Հովսեփ Խուրշուդյանի ուշադրությունը հրավիրեցինք մամուլի հրապարակումների վրա, համաձայն որոնց՝ «Ժառանգություն» կուսակցությունում տեղի են ունենում խմորումներ, և առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է լքելու Հայաստանը: Մեր զրուցակիցը դա համարում է ապատեղեկատվություն, որը բխում է ինչ-ինչ մարդկանց ցանկություններից (նա չմանրամասնեց, թե ովքեր են այդ ինչ-ինչ մարդիկ):
«Պետք է հիասթափեցնեմ. Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում լքելու Հայաստանը»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը՝ հիշեցնելով, որ նման լուրեր տարածվում են այն պահից, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը եկել է Հայաստան:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ